Press Conference on the Draft Law on Comprehensive Health Insurance

Date2 February, 2023
Event categoryAdvocacy
Venue

Ս․թ․ փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված «Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը, չնայած 2022 թվականին թեմայի շուրջ կայացած բազմաթիվ քննարկումների և գործարար համայնքի կողմից ներկայացված կոնցեպտուալ առաջարկների։
Վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ մասնակից գործարար միությունների կարծիքը հետևյալն է․
1. ՀՀ առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն ներդնել համապարփակ ապահովագրություն և ապահովել հասարակության բոլոր անդամների իրավունքների ու պարտականությունների իրականացումը:
2. Չնայած ՀՀ կառավարության կողմից հայտարարված հարկային բեռի օպտիմիզացման քաղաքականության՝ փաստացի տեղի է ունենում հարկային բեռի ավելացում քաղաքացիների և բիզնեսի վրա։
3. Ըստ էության նոր հարկատեսակի ներդրումը ռիսկեր է պարունակում նաև ստվերային տնտեսության ավելացման մասով՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
4. Հայեցակարգի «Առողջության համապարփակ ապահովագրություն» անվանումը չի համապատասխանում էությանը, քանի որ ներկայացված հայեցակարգում իրականում սոցիալական ապահովության համակարգ է նկարագրված, իսկ ՀՀ օրենսդրության համաձայն, ապահովագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման, ինչպես նաև համապատասխան վերահսկման՝ ՀՀ ԿԲ կողմից։
5. ԱՀԱ միջոցների հավաքագրումը, վճարների չափերի սահմանումն ու ծախսումն իրականացվելու է մեկ մարմնի՝ Հիմնադրամի կողմից, որի կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ առողջապահության նախարարն է։ Դա էլ ավելի է խորացնում կոռուպցիոն ռիսկերը, հատկապես հաշվի առնելով շահերի բախումը։
6. Անգամ Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունների ձևերը սահմանվելու են նույն կառավարման խորհրդի կողմից։
7. Հիմնադրամի բյուջեն դուրս է մնում ՀՀ ՖՆ հսկողությունից, քանի որ առաջարկվում է ՀՀ պետական բյուջեում արտացոլել միայն հիմնական ֆինանսական ցուցանիշները (պլանավորված եկամուտներն ու ծախսերը, նախատեսվող դեֆիցիտը/ավելցուկը, վարչական ծախսերի տեսակարար կշիռը և այլն):
8. Հիմնադրամի գործունեությունը դուրս է մնում նաև լիարժեք վերահսկողությունից, քանի որ Հաշվեքննիչ պալատը իրականացնելու է ընդամենը բյուջեի կատարողականի գնահատում, իսկ միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունը՝ ֆինանսական աուդիտ: Այսինքն, չի գնահատվելու ծախսվող միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը։
9. Հայեցակարգով փաստացի անտեսվում է ապահովագրվող անձի ընտրության իրավունքը՝ լիցենզավորված բուժհաստատություն ընտրելու հնարավորությունը, առանց վերջիններիս վրա կիրառվող սահմանափակումների։
10. Ինստիտուցիոնալ առումով առաջարկվում է կիրառել ԱՊՊԱ համակարգի մոդելը, ինչը պետական-մասնավոր արդյունավետ համագործակցության կայացած օրինակ է։